Զարգացման հեռանկարներ

Մետրոյի զարգացման հայեցակարգեր

Հաշվի առնելով, որ մետրոպոլիտենի միջոցով ուղևորափոխադրոմների փոքր ծավալը մեծապես պայմանավորված է կարճ ուղեգծով և կայարանների սահմանափակ թվով, ինչը ենթադրվում է մետրոպոլիտենի ցանցի ընդլայնման անհրաժեշտություն: Նկատի ունենալով, որ դեպի Աջափնյակ ուղեգծի զարգացման նախնական երկրաբանական և հիդրոերկրաբանական հետազությունների արդյունքները կան, իսկ նախագիծը, որը կազմվել է 1979 թ- ին, կարիք ունի ուղղվելու և ներկայիս պահանջներին համապատասխանեցնելու: Այս փաստաթղթերի առկայությունը նախապատվություն տվեց մետրոպոլիտենի գծի զարգացմանը դեպի Աջափնյակ՝ երկու կայարանով: Այդ կայարանների կառուցման վարկավորումը ապահովելու խնդրանքով մեր կողմից դիմվել է ՎԶԵԲ-ին, որի պատվերով միջազգային URS կազմակերպության փորձագետները մետրոպլիտենի մասնագետների հետ միասին իրականացրել են նախնական հանձնաժողովային ուսումնասիրություն Աջափնյակ թաղամասում, ինչի արդյունքնում մշակվել է դեպի Աջափնյակ ուղեգծի զարգացման մի քանի տարբերակ ներկայացվել է քաղաքպետարանին՝ դրանցից մեկին համաձայնություն տալու ակնկալիքով:
Հանձնաժողովի կողմից կատարված ծախսերի հաշվարկն ըստ տարբերակների հետևյալն է :
        Տարբերակ 1.
Առաջարկվող տարբերակը՝ Աջափնյակ թաղամասի մետրոպոլիտենի սպասարկման ոլորտը ընդգրկելու խնդիր է լուծում ամենաէժան և ամենակարճ ճանապարհով, կառուցելու երկու մուտքերով համալրված երկու նոր կայարաններ երկուական մուտքերով թաղամասի ամենաբանուկ և ամենախիտ բնակեցված հանգույցներում, առաջինը՝ Ֆուչիկի և Մարգարյան փողոցների հատման խաչմերուկ /Արմենիա ԲՀԿ, Աչքի Մաշկային հիվանդանոցների, Ախտորոշման կենտրոնի, դեպի Դավիթաշեն-Եղվարդ տանող խաչմերուկի հարևանությամբ/ հաջորդ կայարանը Գ. Չաուշի հրապարակում /Բաշինջաղյան, Մազմանյան և Բեկնազարյան փողոցների հատման խաչմերուկ/, որը հնարավորություն է ստեղծում Աջափնյակ վարչական շրջանի 11,15,16 /Նորաշեն/, մասամբ 17 և այլ հարակից թաղամասերի բնակչությանը, ինչպես նաև Հյուսիսային շրջաններից /Շիրակի, Արագոծտնի և Լոռու մարզերից/ մայրաքաղաք այցելողներին՝ օգտվելու մետրոպոլիտենի ծառայությունից, կառուցման մոտավոր արժեքը կազմում է ՝ 261 մլն. եվրո:
        Տարբերակ 2.
Ենթադրում է 1-ին կայարանը տեղադրել Հալաբյան և Աբելյան փողոցների խաչմերուկում, երկրորդ կայարանը նախատեսվում է տեղադրել Աշտարակի խճուղի, Սիլիկյան թաղամաս տանող ճանապարհի խաչմերուկի հարևանությամբ, ընդգրկելով տարբերակ առաջինում նշված ուղևորահոսքը, կառուցման մոտավոր արժեքը կազմում է ՝ 252 մլն. եվրո:
       Տարբերակ 3
Նախատեսվում է օգտագործել նախկինում կառուցված թունելները, կայարանները տեղադրվում են երկրորդ տարբերակում նախատեսված տեղերում, կայարանները միացնող թունելները այս դեպքում կունենան սահմանային կորության շառավիղներ, կառուցման մոտավոր արժեքը կազմում է ՝ 246 մլն. եվրո:

        Տարբերակ 4
Այս տարբերակը նույնն է ինչ որ երկրորդը՝ նույնպես պահպանելով նախկինում կառուցված թունելները, միայն Հրազդան գետի վրա կառուցվող կամուրջից հետո առաջին և երկրորդ կայարանների երթևեկությունը նախատեսվում է իրականացնել մեկ թունելով և մեկ գծով, արժեքը՝ 198 մլն. եվրո:
Մետրոպոլիտենի տնօրինությունը լիահույս է , որ Երևան քաղաքի տրանսպորտային հիմնախնդիրների լուծման ընթացքում մետրոպոլիտենի զարգացման հրամայական դարձած խնդիրները ևս աջակցություն կստանան և Երևանի մետրոպոլիտենը ընդարձակելով իր գործունեության շրջանակները՝ յուր սպասարկման ոլորտ կընդգրկի մեր մայրաքաղաքի նորանոր շրջաններ, բնակչությանը ապահովելով արագ,անվտանգ,անխափան տրանսպորտային ծառայություններով: