Օգտվելու կանոնակարգ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ տրանսպորտի նախարարի

19.05.97թ. թիվ 69/1160006 հրամանով

 

ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ

ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

Սույն կանոնները բխում են ՀՀ տրանսպորտի նախարարության և «Երևանի Մետրոպոլիտեն» ՓԲԸ կանոնադրություններից և մետրոպոլիտենում կարգավորում են ուղևորների՝ երթևեկության հետ կապված հարաբերությունները:


  • Ուղևորները պարտավոր են պահպանել հասարակական կարգը և ենթարկվել մետրոպոլիտենից օգտվելու կանոններին:

  • Ուղևորները և մետրոպոլիտենի աշխատակիցները պետք է լինեն փոխադարձաբար հարգալից և խնամքով վերաբերվեն մետրոպոլիտենի շինություններին և կառույցներին:

  • Գնացքներում պետք է ժամանակին հայտարարվեն կայարանների անվանումները, ինչպես նաև երթևեկությանը վերաբերող այլ անհրաժեշտ իրազեկումները:

  • Ուղևորները պետք է վճարեն երթևեկության համար՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով: Վճարման ենթակա է նաև 60x40x20սմ ավելի չափսի ուղեբեռի և 150 սմ-ից ավելի երկարություն ունեցող առարկաների փոխադրումը՝ 1 ուղևորի երթևեկության համար սահմանված ուղեվարձի չափով: Վճարման ենթակա չէ դահուկների, մանկական հեծանիվների, սահնակների, ձկնորսական կարթերի, երաժշտական գործիքների և այգեգործական մանր գործիքների փոխադրումը:

  • Ուղևորն իրավունք ունի անվճար փոխադրել մինչև 7 տարեկան երեխաներ:

  • Մետրոպոլիտենով երթևեկելու ամսական մշտական տոմսերը և երթևեկության արտոնությունների վկայականները ուղևորները պարտավոր են բաց վիճակում ներկայացնել անցակետի հսկիչին:

  • Շարժասանդուղքից օգտվելիս պետք է կանգնել աջ կողմում՝ դեմքով դեպի շարժման ուղղությունը, բռնել բազրեփոկից, անցնել ձախ կողմով և չհապաղել շարժասանդուղքից ելնելիս: Քայլել անցուղիների աջ կողմով:

  • Երեխաներին պետք է պահել ձեռքը բռնած կամ գրկած, թույլ չտալ նրանց հենվել շարժասանդուղքի կողապատերին:

  • Կառամատույցում գնացքին սպասող ուղևորները գնացքի երկարությամբ պետք է տեղաբաշխվեն հնարավորինս համաչափ:

  • Որևէ առարկա գնացքի գծի վրա գցելու դեպքում ուղևորը պետք է այդ մասին հայտնի կայարանի հերթապահին:

  • Վագոններում առաջին հերթին նստատեղերը պետք է զբաղեցնեն հաշմանդամները, երեխաների հետ երթևեկող ուղևորները և ծերերը:

  • Ծխի գոյացման, հրդեհի, ինչպես նաև այլ իրավիճակների դեպքում, որոնք կարող են ազդել ուղևորների փոխադրման կամ գնացքների երթևեկության անվտանգության վրա, ուղևորները պետք է անհապաղ տեղեկացնեն գնացքի մեքենավարին՝ «ուղևոր- մեքենավար» արտակարգ կապի միջոցով կամ սեղմելով հակահրդեհային ազդանշանի կոճակը:


ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆՈՒՄ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ


  • տեղափոխել հրազեն, դյուրավառ, պայթուցիկ, թունավոր, գարշահոտ նյութեր և առարկաներ.

  • հարբած վիճակում մտնել կայարան և երթևեկել գնացքով.

  • երկաթուղային գծերին գցել առարկաներ, որոնք կարող են խանգարել գնացքների շարժումը.

  • անցնել կառամատույցի եզրի սահմանափակիչ գիծը և մոտենալ վագոնին՝ մինչև գնացքի լրիվ կանգառը.

  • իջնել երկաթուղային գծերին և քայլել դրանց վրայով.

  • ընթացքի ժամանակ բացել վագոնների դռները, կանգառներում ուշացնել դռների բացումը կամ փակումը.

  • վնասել մետրոպոլիտենի վագոնների ներքին սարքավորումները, ապակիները և նստատեղերը.

  • նկարահանումներ կատարել՝ առանց մետրոպոլիտենի տնօրինության թույլտվության.

  • մտնել կայարան այնպիսի ուղեբեռով և առարկաներով, որոնք կարող են կեղտոտել

կայարանի տարածքը, ուղևորներին, վագոնների ներքին կայքը.

  • նստել շարժասանդուղքի աստիճաններին, հենվել կամ իրերը դնել բազրեփոկին, վազել շարժասանդուղքով և կառամատույցով.

  • ծխել կայարաններում և վագոններում.

  • առանց անհրաժեշտության օգտվել «ուղևոր- մեքենավար» արտակարգ կապից կամ հակահրդեհային ազդանշանի կոճակից.

  • տեղափոխել կենդանիներ՝ առանց երախակալի և վզակալի, և թռչուններ՝ առանց վանդակի: