Մամուլ

Նորություններ - Ցուցահանդես՝ Երիտասարդական կայարանում
Շատերն են նկատել ու սիրել հայտնի մարդկանց՝ մայրաքաղաքի տարբեր անկյունները զարդարող պատկերները: Եղիշե Չարենց, Հովհաննես Թումանյան, Մոնթե Մելքոնյան, Մհեր Մկրտչյան…

Մեծանուն հայերի շարքը կարելի է դեռ երկար շարունակել: Նրանք երեւանցիներին վերջին տարիներին ավելի հարազատ դարձան շնորհիվ նկարիչ Ռոբերտ Նիկողոսյանի: Հայ հանրությունը երիտասարդին ճանաչեց հենց հայ մեծերի շարքով:

Շատերն էլ որոշեցին հոկտեմբերի 2-ին ներկա գտնվել նկարչի առաջին անհատական ցուցահանդեսին: Երեւանի մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանում բացված «Բազմա-Դիմագծեր» ցուցահանդեսին ներկայացված 10 նկարները տեսնելու, հեղինակին հանդիպելու հնարավորություն ունեցան բազմաթիվ մարդիկ:

«Շատ տպավորված եմ, հիացած եմ նկարներով, որովհետեւ իրենց մեջ կյանք կա, որը Աստծուց է տրված»,- ասաց այցելու Արեւիկ Ալիխանյանը:

Նշենք, որ վայրն ընտրվել է՝ հաշվի առնելով մարդկանց մեծ հոսքը: Ի դեպ, առաջարկը Ռոբերտ Նիկողոսյանինն էր: Նկարիչը փորձել է դիմանկարների միջոցով փոխանցել հույզեր, զգացմունքներ: Նա համոզված է՝ կերպարները տարբեր են, բայց՝ նույնը:

«Ընտրել եմ հիմնականում բացասական կերպարներ, բայց իրենք անցել են դժվարությունների միջով: Դժվարություններից հետո միշտ գալիս են հաղթանակներ: Շատ դեպքերում մարդիկ անհոգ ու ուրախ են լինում եւ չեն կարողանում հաղթահարել դրանք: Ես փորձել եմ հակադարձել դրան, որ կարծես տխուր նոտայից բարձրանա դեպի ուրախություն»,- նշեց Ռոբերտ Նիկողոսյանը:

Կերպարների ստեղծման համար արվեստագետն աշխատել է մոտ 7 ամիս: Ասում է, որ նկարները վաճառելու հատուկ մտադրություն չունի: Ցուցահանդեսի ավարտից հետո աշխատանքներից մեկը՝ «Վերք»-ը, ցանկանում է նվիրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաեւ երիտասարդ գրող Արմեն Նիազյանը: Նրա կարծիքով՝ ովքեր շփվել են Ռոբերտի հետ, հասցրել են հիանալ նրա համեստությամբ. «Այն ժամանակ, երբ շատերը փորձում են վերագրել ամբողջ փառքը, հանրաճանաչությունը, Ռոբերտը երբեք չի զլանում ձեռքերը բարձրացնել երկինք եւ գոհանալ Արարչից: Եվ կրկնում է իր հայտնի խոսքերը. «Ինչ-որ եմ, Աստծո շնորհքով եմ»»:

Հավելենք նաեւ, որ ցուցահանդեսը կտեւի մինչեւ հոկտեմբերի 8-ը: